«…Ինքը պատասխանում էր բոլորի փոխարեն հենց այն պատճառով, որ ազատ էր ցանկացած վախից: Նա ամեն ինչ հասկանում էր… Եվ միշտ պատրաստ էր ներելու: Բայց ամեն անգամ ավելանում էր դառնացածությունը: ՈՒրիշի վախի համար: ՈՒրիշի՝ նույնպես ազատ լինելու անկարողության պատճառով: Նա միայնակ էր նաև այդտեղ: Չափազանց դժվար է միայնակ լինել ազատության մեջ: Երևի այդ դժվարությունից էլ Սերգեյի աչքերը հավերժ թախծոտ էին…»:
(հատված «Կար-չկար մի Փարաջանով» գրքից)
Հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի «Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդես-վաճառքը: Գիրքը կազմել և հրատարակության է պատրաստել Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
«Իրատես de facto»-ի հետ զրույցում Արայիկ Մանուկյանն ասաց, որ առաջին անգամ է հայերեն տպագրվում Կունցևի վիպակը. «Անցյալ տարի «Ոսկե ծիրան» փառատոնի փակման օրերին, երբ ցուցադրվեց «Փարաջանով» ֆիլմը, Հովհաննես Այվազյանն ինձ ասաց, որ թարգմանել է Գարրի Կունցևի բացառիկ հուշապատում-վիպակը: Ինչն էլ առիթ դարձավ գրքի հրատարակման համար»: Առաջին անգամ վիպակը (ռուսերեն) տպագրվել է 1990-ին «Искусство» կինոամսագրում, հեղինակի մահից մեկ տարի անց` 2011-ին, «Литературная Армения» ամսագրում: 2004-ին հեղինակը գիրքը լրամշակել է: Վերջնական` լրամշակված տարբերակը երբևէ չի հրատարակվել: Թարգմանելու և տպագրելու իրավունքը ստացել են Կունցևի ժառանգներից:
«Կար-չկար մի Փարաջանով» գրքում զետեղված են նաև ուկրաինացի հայտնի կինոօպերատոր Յուրի Հարմաշի եզակի լուսանկարները: Արայիկ Մանուկյանն ասաց, որ լուսանկարների գաղափարը հուշել է «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Յուրի Հարմաշը երկար տարիներ աշխատել է Դովժենկոյի անվան կինոստուդիայում: Տարիներ շարունակ նկարել է Փարաջանովին: Նորընծա գրքի համար նա տրամադրել է 15 լուսանկար, որոնք, ըստ էության, առաջին անգամ են հրատարակվում: «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև Հարմաշի լուսանկարների ցուցահանդեսը: Ըստ լուրերի` լուսանկարների համար ուկրաինացի կինոօպերատորը հոնորար չի պահանջել: «Եվ ընդհանրապես բոլորն ամեն ինչ արել են ծախսերը հետագայում փոխհատուցելու պայմանով, որովհետև փարաջանովապաշտ մարդիկ են,- ասաց զրուցակիցս:- Իսկ Հարմաշը, այո, ասել է՝ եթե կարողանաք վաճառել գիրքը, իրավունք ունեք ինձ վարձահատույց լինելու ինչպես կամենաք, ասաց նաև, որ Փարաջանովն իր համար սրբություն է»:
Գրքում տեղ է գտել նաև Յուրի Հարմաշի նովելը` Փարաջանովի և իր ծանոթության մասին, ինչպես նաև Գարրի Կունցևի դստեր տրամադրած «Արաբեսկները», որտեղ հեղինակը և հայտնի կինոգործիչները պատմում են Փարաջանովի և Կունցևի հարաբերությունների մասին: Գիրքը կհրատարակվի մոտ 2000 տպաքանակով: Շապիկին Հենրիկ Սիրավյանի «Փարաջանով» կտավն է:
«Հանրածանոթ դրամատուրգ, կոմպոզիտոր, հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի «Կար-չկար մի Փարաջանով» հուշապատում-վիպակը աշխարհահռչակ կինոռեժիսորի մարդկային նկարագրի և արվեստագետի էության ներքին փոխկապակցումը դիտարկելու լավագույն օրինակներից մեկն է` շարադրված հմուտ գրչով, իրադարձությունների ու փաստերի ինքնատիպ վերլուծությամբ, որտեղ արժանահավատությունը չի ստորադասվում հեղինակային դիտարկումների անհատական տեսակետին: Գիրքն ունի ինչպես վավերական մեծ նշանակություն, այնպես էլ գեղարվեստական պատումի բարձրարժեք նմուշ է: Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար»,- նշում է գրքի խմբագիր ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԸ:
Նրա խոսքով` Փարաջանովի մասին նախկինում ևս բազմաթիվ գրքեր են հրատարակվել: Սակայն այս մեկն առանձնանում է թե՛ բարձրարվեստ գեղարվեստականությամբ, թե՛ Փարաջանովի մարդկային կերպարը նոր տեսանկյուններից դիտարկելու հաջողված փորձի առումով. «Գրքում կհանդիպեք բազմաթիվ փաստերի, որոնք լիովին կարելի է բնորոշել իբրև բացահայտումներ: Դրա հետ մեկտեղ հրապարակվելու են եզակի լուսանկարներ: Գրքի հեղինակը մի մարդ է, ով ոչ միայն բախտ է ունեցել մասնակից լինելու փարաջանովյան ֆիլմերի ստեղծմանը, այլև ջերմ, մարդկային հարաբերություններ է ունեցել մեծ ռեժիսորի հետ, ինչն իր հերթին թույլ է տվել առավել խորությամբ ընկալել նրա էությունը, ներշնչանքի թռիչքները, ստեղծագործական որոնումների լաբիրինթոսը: Գիրքը հատկապես ապշեցնում է իր անկեղծությամբ: Այստեղ չես հանդիպի մեծարման ու փառաբանման կեղծ հնչերանգների: Փարաջանովն այս գրքում մեծ է նույնիսկ իր թերություններով ու սայթաքումներով»: Երբ խնդրեցի առանձնացնել ուշագրավ դրվագ հուշապատումից, Հովիկ Չարխչյանն ասաց, որ գրքի ամենահրաշալի «հատվածներից» մեկը Փարաջանովի մեծ սերն է դեպի Հայաստանը, որն արտահայտվում է զուսպ, նուրբ, առաջին հայացքից աչքի չընկնող նրբերանգներով:
Հավելենք, որ շնորհանդեսին ներկա կլինի Յուրի Հարմաշը: Սպասվում է նաև Գարրի Կունցևի այրու ներկայությունը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ